«Ապրել միասին, սովորել միասին». նոր փուլ, նոր նպատակ

Mar 2, 2018

The participants of 3-day trainers training

Մեկնարկել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի նոր փուլը: Այս անգամ այն նպատակ ունի ներառական որակյալ կրթության միջոցով ապահովել երեխայի կրթության իրավունքը Երևան քաղաքում:

Ծրագրի շրջանակում իրականացվել են ներառական կրթության թեմաներով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ Երևանի 65 դպրոցների տնօրենների համար: Դասընթացները նպատակ ունեն աջակցել ներառական կրթության ներդրման ուղղությամբ վերապատրաստում իրականացնող մասնագետների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացին: Եռօրյա դասընթացները իրականացվեցին 3 փուլով, որին մասնակցեցին  Երևանի տարբեր վարչական շրջանների 65 դպրոցի տնօրեն:

Վերապատրաստումների ավարտից հետո տեղի ունեցավ արտագնա աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին  բոլոր 65 դպրոցի տնօրենները, ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչություններից, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից:

Վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներին հաջորդում են վերապատրաստումներ վերոնշյալ 65 դպրոցների ուսուցիչների համար: Այս փուլում վերապատրաստումներն իրականացնում է տվյալ դպրոցի տնօրենը Կրթության ազգային ինստիտուտի մասնագետի հետ միասին: 5 օրյա վերապատրաստումները ներառում են վերապատրաստումներ «Ներառական կրթություն» և «Ուսուցչական համակազմ. ուսուցիչներ և մանկավարժահոգեբանական աջակցության թիմ» թեմաներով: Վերապատրաստումների 5-րդ օրը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետի կողմից իրականացվում է վերապատրաստում երախայի կարիքի գնահատման 1-ին (դպրոցական) մակարդակի անցկացման, անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մաս կազմող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանի (ՄԱԾԱՊ) մշակման և իրականացման հարցերով:

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով փոխըմբռման հուշագիր է ստորագրվել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև: Ծրագրի գործընկերն է «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը: Ծրագրի հովանավորն է Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման կազմակերպությունը (CISU):