կառավարում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը առաջնորդվում է հաշմանդամության սոցիալական մոդելի սկզբունքներով: Սոցիալական մոդելը շեշտադրում է հաշմանդամության խոչընդոտները վերացնելու կարևորությունը և հավատում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններին: Կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին` հաղթահարելու առկա խոչընդոտները և բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին:

Մեր առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Սոցիալական ներառմանը նպաստում են կրթություն ստանալու,  ինքնուրույն կյանքով ապրելու և հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը:

Մեր գործունեության հիմնական ուղղություններն են`

  • Կրթության մատչելիության ապահովում,
  • Սոցիալ-հոգեբանական և կրթական համայնքային ծառայություններ,
  • Շահերի պաշտպանություն

Իր հիմնադրումից ի վեր, «Հույսի կամուրջը» իրականացրել է ավելի քան 70 ծրագիր՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: Մեր ծրագրերը նպաստում են Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության և ներառման քաղաքականության, հայեցակարգերի, գաղափարների ու համոզմունքների փոփոխությանը: Մեր գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնարար իրավունքի ապահովմանը՝ «...ապրել լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:» (ՄԱԿ-ի Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին, Հոդված 23):

Մենք համոզված ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին կարելի է օգնել առաջին հերթին նրանց ընտանիքների և ընտանիքները շրջապատող համայնքի միջոցով: Մենք աշխատում ենք ստեղծել ներառական միջավայր հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որտեղ նրանք կունենան հավասար հնարավորություններ իրենց հասակակիցների հետ միասին: Սա նշանակում է ոչ միայն թույլ տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին գտնվել իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների կողքին, այլև խթանել նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:

Մեր գերակա խնդիրներն են`

  • Նպաստել կրթության բոլոր մակարդակներում (նախադպրոցական, միջնակարգ դպրոց, նախա- և միջին մասնագիտական,  բարձրագույն կրթություն) ընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ու ամրապնդմանը:
  • Նպաստել ծնողների ակտիվ մասնակցությանը իրենց երեխայի կրթության գործընթացում` դպրոց-ծնող-մանկավարժահոգեբանական թիմ կապի և համագործակցության ամրապնդման շնորհիվ:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների ակտիվ մասնակցությանը իրենց իրավունքների պաշտպանության գործում:
  • Բարձրացնել հանրային իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի վերաբերյալ` սոցիալական մոդելի և գենդերային հավասարության տեսանկյունից:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծմանը (հասարակական վայրեր, ծառայություններ, տրանսպորտային միջոցներ և այլն):

 

Խորհրդի անդամներ

Սուսաննա Թադևոսյան

Նախագահ

Հայկ Հովհաննիսյան

Հասմիկ Խաչերյան

Հռիփսիմե Հովհաննիսյան

Սամվել Հովհաննիսյան

Զարուհի Բաթոյան

Անահիտ Հարությունյան

Նարինե Սուսլիյան

Գոհար Թադևոսյան

Արմինե Գրիգորյան

Ռուզաննա Արզումանյան

Արմինե Ներսիսյան

Լուսինե Անտոնյան

Գեղանուշ Գրիգորյան