պատմություն

«Հույսի կամուրջ»-ը հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Մեր առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանը աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից, և այժմ ունի կենտրոններ Երևանում և Տավուշի մարզի 4 համայնքներում:

 

20 տարի դեպի ներառում

«Հույսի կամուրջ»-ի 20-ամյա պատմությունը շատ հագեցած է, և յուրաքանչյուր տարի նշանավորվել է կարևոր ձեռքբերումներով, որոնք մնայուն արժեքներ են:

1996

1996-ի  դեկտեմբերի  2-ին  մի խումբ նվիրյալ ծնողների և բարեկամների կողմից հիմնադրվեց  «Հույսի  կամուրջ»-ը: «Երեխաները, միասին սովորելով, սովորում են նաև միասին ապրել». ահա այս կարգախոսով «Հույսի կամուրջ»-ը ամենուր սերմանել է այն համոզմունքը,  որ հաշմանդամություն ունեցող երեխաներին ոչ թե պետք է խղճալ, այլ  նրանց համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ ու պայմաններ՝ իրենց ընտանիքում ապրելու, որակյալ կրթություն ստանալու և ինքնուրույն իրենց ապագան պլանավորելու համար:

1997թ.

Հիմնադրվեց «Հույսի կամուրջ»-ի մանկական  թատերախումբը: Թատերախմբի փոքրիկ դերասանների  մի քանի սերունդ տարիներ շարունակ հավատ է ներշնչել հանդիսատեսին, որ ցանկացած երեխա կարող է, երբ նրան հավատում ու վստահում են:

1998թ.

«Հույսի կամուրջ»-ը սկսեց համախմբել ծնողներին Ծնողների   փոխօգնության խմբերում, որպեսզի, միմյանց աջակցելով,  պաշտպանեն իրենց երեխաների իրավունքները: Այսօր հանրապետության տարբեր դպրոցներում ու համայնքներում ստեղծված Ծնողների   փոխօգնության խմբերը դարձել են իրական իրավունքի պաշտպաններ և հասել են զգալի հաջողությունների իրենց երեխաների սոցիալական ներառման հարցերում:

1999թ.

Հիմնադրվեց Արևածաղիկ ամսաթերթը, որի պատանի լրագրողները տարիներ շարունակ փորձում են մեր հասարակությունն էլ դարձնել այնքան ներառական ու արևոտ, ինչպիսին, որ արևածաղիկն է, որի բոլոր սերմերը իրարից շատ տարբեր են և իրար շատ նման ու,  շրջապատված դեղին թերթիկներով, կազմում են մի մեծ ծաղիկ, որը միշտ նայում և ձգտում է արևին: Ներառական հասարակություն՝ սա է Արևածաղիկ ամսաթերթի լրագրողների տեսլականը:  Այսօր հանրապետության շատ անվանի ու պահանջված լրագրողներ իրենց առաջին քայլերը սկսել են Արևածաղիկ ամսաթերթից:

2000թ.

«Հույսի  կամուրջ»-ը  ՀՀ  կրթության  և գիտության նախարարության հետ համատեղ  սկսեց ներառական կրթության առաջին փորձը մեկ դպրոցում: Սա մի աննախադեպ փորձ էր կոտրելու այն անջրպետները, որոնք երեխաներին բաժանում  էին սովորական և առանձնացված հատուկ դպրոցների միջև: Եղան սխալներ, եղան ձեռքբերումներ, սակայն ամենակարևորը` հավատ ներշնչվեց թե՛ մանկավարժներին, թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին, թե՛ իշխանություններին և թե՛ հասարակությանը, որ ներառական միջավայրում է միայն հնարավոր յուրաքանչյուր երեխայի բնականոն զարգացումը և քաղաքացու ձևավորումը:    Այս  հաջողված փորձը  շրջադարձային եղավ ու  հիմք դարձավ ներառական կրթության քաղաքականություն մշակելու համար, որի արդյունքում այսօր արդեն  Հայաստանի հանրակրթության համակարգը  անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության:  

2001-2003-2004-2005 թվականներ

Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում հիմնադրվեցին «Հույսի կամուրջ»-ի երեխայի  զարգացման կենտրոնները, որոնք տարաբնույթ ծառայություններ են մատուցում 650 հաշմանդամություն  և սոցիալ- հոգեբանական այլ խնդիրներ ունեցող երեխաների:

2002թ.  

Ներառական կրթություն. կրթություն բոլորի համար։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ «Հույսի կամուրջը» ներառական կրթության մեկ դպրոցում կայացրած հաջող փորձը ներդրեց մայրաքաղաքի ևս 5 հանրակրթական դպրոցներում:

2006թ.

ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ  10 տարեկան է։

Կազմակերպության տասնամյակի լավագույն նվերը այն էր, որ ներառական կրթությունը դարձավ պետական քաղաքականություն և ներառական դպրոցների համար պետական բյուջեից հատկացվեց լրացուցիչ միջոցներ` դպրոցներում հատուկ ծառայությունների կազմակերպման համար: Հայաստանը դարձավ ԱՊՀ երեկրներից առաջինը և մինչ օրս առաջատարը` ներառական կրթությունը ճանաչելով կրթության զարգացման գերակա ճյուղերից մեկը:

Հույսի կամուրջը կմնա պատմության մեջ, որպես ներառական կրթության նախաձեռնողը Հայաստանի Հանրապետությունում: Հենց այս ներդրման համար էլ կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը արժանացավ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալին:

2007թ.

Տավուշի մարզի 10 գյուղերում ստեղծվեցին ընտանիքի և երեխայի աջակցության համայնքային կենտրոններ։     

Տավուշի մարզի Բերքաբեր, Գանձաքար, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Աչաջուր, Խաշթառակ, Գետահովիտ, Ծաղկավան և Վազաշեն, Սարի գյուղ, Նորաշեն, Չինարի գյուղերում ստեղծվեցին երեխաների և ընտանիքների աջակցության համայնքային կենտրոնները, որոնց ֆինանսավորումը  կատարվում համայնքի բյուջեի միջոցներով՝ կենտրոններում ունենալու համայնաքային աշխատողներ:

Նույն թվականին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, Հույսի կամուրջի նախագահ Սուսաննա Թադևոսյանին պարգևատրեց նախարարության ոսկե հուշամեդալով՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար:

2008 թ.

Հույսի կամուրջի տարեգրության ամենահիշարժան տարիներից է, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեց Տավուշի մարզում գորոծող Հույսի կամուրջի 4 կենտրոններին և պատվիրակեց մարզի խոցելի խմբերի երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծառայությունների փաթեթը: Մինչ օրս այդ ծառայություններից օգտվել են հազարից ավել երեխաներ և ընտանիքներ: Մենք հպարտ ենք, որ մեր ծառայությունների արդյունքում, Տավուշի մարզից հատուկ և գիշերօթիկ հաստատություններում երեխաների թիվը ամենացածրն է Հայաստանում:

2009 թ.

Ներդրվեց արհեստագործական կրթության առաջին փորձը:

«Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք»` ահա տարվա ուղերձը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակվեցին  Այգեգործություն և Գորգագործություն մասնագիտությունների կրթական չափորոշիչները և ծրագրերը, որոնք  ներդրվեցին Երևանի պետական հումանիտար քոլեջում և Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում: Այս հաստատություններում իրենց մասնագիտական կրթությունը ստացան նաև Հայաստանում դեռևս միակ ընտանեկան տիպի հաստատության՝ Ջերմիկ անկյան, 13 երիտասարդ բնակիչները:

2010թ.

Ներառական կրթությամբ կառուցենք ներառական երկիր. Տավուշի մարզի մոդել։

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տավուշի մարզպետարանի  հետ համատեղ Տավուշի մարզի բոլոր 77 հիմնական դպրոցներում փորձարկվեց  համընդհանուր ներառական կրթության մոդելը, որը հիմք դարձավ այսօր արդեն ընթացող կրթության քաղաքականության և օրենսդրական մի շարք լուրջ բարեփոխումների, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտը  անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության համակարգին:

2011թ.  

«Հույսի կամուրջ»-ը առաջինը դարձավ, որ սկսեց քննարկումները կապված հաշմանդամության ճանաչման նոր մոտեցումների հետ՝ ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման շրջանակի: Տավուշի մարզում, փորձարկվեց այս նոր մոտեցումը՝ ուսումնասիրված մոտ 28000 մարդկանց շրջանում: Այս ուսումնասիրության վերլուծությունը սկիզբ դրեց այսօր, Հայաստանում ընթացող, հաշմանդամության ոլորտի բարեփոխումներին՝ հիմնված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մոտեցումների և սկզբունքների վրա:

2012թ.

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բոլոր մանկավարժական ֆակուլտետներում  ներդրվեցին 4 նոր դասընթացներ՝ ներառական կրթության թեմաներով:

Այսօր արդեն համալսարանում իրենց նախնական կրթությունը ստացող ապագա մանկավարժները գիտելիք են ստանում այնպիսի կրթության կազմակերպան հարցերի շուրջ, որը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի իր կարողությունների և հնարավորությունների չափով կրթություն ստանալ դպրոցում և կրթությամբ ապահովել իր վաղվա անկախ և արժանապատիվ կյանքը:

2013թ.  

«Հույսի կամուրջի» ջանքերով և ամնիջական աջակցությամբ ստեղծվեցին 4 նոր հասարակական կազմակերպություններ՝ «Մենք կարող ենք» և «Լռության ձայն» հասարակական կազմակերպությունները Երևան քաղաքում, «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը Սպիտակում և «Հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ» հասարակական կազմակերպությունը Վանաձորում: Այս կազմակերպություններն այսօր ոլորտի ամենաակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններից են:  

2014թ.

ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ներառական կրթությունը, որպես յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման երեշխիք: Սա պատմական որոշում է, և «Հույսի կամուրջը» հպարտ է, որ կանգնած է եղել այս փոփոխությունների ակունքում:

Տարին պատմական եղավ «Հույսի կամուրջի» համար նաև մեկ այլ ձեռքբերմամբ՝ «Հույսի կամուրջը» արժանացավ Յունեսկոյի միջազգային պատվավոր մրցանակին՝ ներառական կրթության խթանման համար:  Սա միջազգայաին ամենամեծ ճանաչումն է և «Հույսի կամուրջի» անունը գրանցվեց նաև միջազգային տարեգրության մեջ:

2015թ.   

«Հույսի կամուրջը»՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  աջակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ներառական հասարակության լույսը Տավուշի մարզից տարավ Սյունիքի մարզ: Այսօր արդեն Սյունիք մարզը անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության համակարգին: Մարզի հատուկ դպրոցները վերակազմակերպվեցին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, իսկ 78 երեխա այլևս չի ապրում իր ընտանիքից կտրված, նրանք իրենց ընտանիքներում են և հաճախում են սովորական դպրոցներ:

2016թ.

Ներառական հասարակության լույսը Սյունիքի մարզից հասավ Լոռու մարզ և լիահույս ենք, որ 2017 թվականին մենք հպարատանալու առիթ կունենանք՝ Լոռու մարզում ներառական հասարակության կառուցման հաջող մեկնարկի համար:

2016 թվականը մի նոր միջազգային ճանաչում բերեց «Հույսի կամուրջին»: Հույսի կամուրջի «Դեպի ներառական որակյալ կրթություն բոլորի համար» ռազմավարական ծրագիրը արժանացավ միջազգային Zero Project մրցանակին՝ որպես ընդօրինակելի մոդել աշխարհի շատ երկրների համար:

Այսօր «Հույսի կամուրջ»-ին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 2014 թվականին, հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար «Հույսի կամուրջ»-ը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին, իսկ 2016 թվականին «Հույսի կամուրջ»-ի «Դեպի կրթություն բոլորի համար. ներառական կրթություն» ռազմավարական ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին, որպես ընդօրինակելի մոդել աշխարհի շատ երկրների համար:

Միասին դեպի «Կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք բոլորի համար»:

«Աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ՝ մոտիկից ծանոթ էի նրանց խնդիրներին և մտահոգություններին: Համատեղ քննարկումների ընթացքում ծնվեց կազմակերպություն ստեղծելու գաղափարը: Այն կզբաղվեր հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ: Հենց այսպես ստեղծվեց կազմակերպությունը, որը կոչեցինք «Հույսի կամուրջ»:

Սկսեցինք փոքրիկ քայլերով, սովորեցինք իրարից, կատարեցինք սխալներ և դասեր քաղեցինք դրանցից: Ու դարձանք ավելի վստահ մեր կարողությունների և ընտրած առաքելության նկատմամբ: «Հույսի կամուրջ» խորհրդանշական անունն իրապես հույսի կամուրջ դարձավ հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների համար:

Նրանցից շատերը տերը դարձան իրենց իրավունքների և այսօր էլ պայքարում են իրենց ու իրենց հասակակիցների իրավունքների և արժանապատիվ կյանքի համար:

«Հույսի կամուրջը» կոտրեց բազմաթիվ պատնեշներ մարդկանց մտքերում ու համոզմունքներում, բացեց դռներ դեպի ներառական և որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք:

«Հույսի կամուրջը» Հայաստանում ներառական գաղափարների և ներառական կրթության տարածման առաջամարտիկը դարձավ: Այսօր արդեն ներառական կրթությունը պետական քաղաքականություն է մեր երկրում: «Հույսի կամուրջը» շարունակում է իր ճանապարհը դեպի համընդհանուր ներառական կրթություն և դեպի ներառական հասարակություն Հայաստանի Հանրապետությունում՝ իրեն առաջնորդող հարյուրավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդների, երեխաների, նրանց ծնողների և իր բազմաթիվ գործընկերների հետ միասին:

Այսօր «Հույսի կամուրջը» ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 2014 թվականին «Հույսի կամուրջն» արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին՝  ներառական կրթության խթանման համար, իսկ 2016 թվականին Zero Project միջազգային մրցանակին` ներառական կրթության միջազգայնորեն ընդօրինակելի փորձի համար:

Սակայն ամենամեծ մրցանակը մեզ համար երեխաների, երիտասարդների և հասարակության հավատն ու վստահությունն է, որին մենք հասել ենք մեր առաքելության հանդեպ ունեցած նվիրման և անմնացորդ հավատի շնորհիվ: Սա և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում և վստահում են մեզ ու մեզ հետ կամուրջներ են կառուցում դեպի ներառական հասարակություն: Միասին դեպի «Կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք բոլորի համար»:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Սուսաննա Թադևոսյան