Նոր, հիմնանորոգված երեխայի զարգացման կենտրոն Նոյեմբերյանում

Aug 25, 2018

Building facade of renovated center in Noyemberyan

Օգոստոսի 24-ին վերաբացվեց «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի երեխայի զարգացման հիմնանորոգված կենտրոնը: Կազմակերպությունը համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հարյուրամյա պատմական այս շենքում գործունեություն է ծավալում արդեն 13 տարի: Այս տարիների ընթացքում կենտրոնում երեխաների իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված կրթական, սոցիալ-հոգեբանական և մշակութային տարաբնույթ ծառայություններ են տրամադրվում ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 բնակավայրերի հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակներում հայտնված ավելի քան 800 երեխաների և նրանց ընտանիքներին: Կենտրոնի աշխատանքի արդյունքում բոլոր երեխաները ապրում են իրենց ընտանիքներում, հաճախում են իրենց համայնքի դպրոցը և բոլորի նման մասնակցում են համայնքի կյանքին: Նրանցից շատերն այսօր արդեն կրթություն ստացած և կայացած արժանապատիվ երիտասարդներ են:

Միջոցառումը մեկնարկեց տնօրհնեգի արարողությամբ, այնուհետև երեխաները հյուրերին ներկայացրեցին կենտրոնի զարգացման սենյակները, որտեղ նրանք տարաբնույթ ծառայություններ են ստանում: Հանդիսավոր հատվածում իրենց երախտիքի խոսքը ասեցին «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և Նոյեմբերյանի կենտրոնի տնօրեն Լուսինե Անտոնյանը, ով նաև շնորհակալագրեր հանձնեց շինարարությանն աջակցած բոլոր կոմերին: Ելույթով հանդես եկան նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը եւ ուրիշներ:

Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը,  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը,  Անահիտ Բախշյանը, , Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ներկայացուցիչներ միջազգային և տեղական կազմակերպություններից, ծնողներ, երիտասարդներ և երեխաներ:

Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի շենքը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: