ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի

Jan 20, 2020

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթի

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն ու «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են հեռուստահաղորդումների պատրաստման ու հեռարձակման մրցույթ: Մրցույթն իրականացվում է Եվրոմիության կողմից ֆինանսավորված «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում: 1. Մրցույթի նպատակն է ՀՀ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում երեխայի ընտանիքում ապրելու, ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքների, երեխայի մասնակցության և իր սեփական կարծիքն արտահայտելու հիմնարար սկզբունքների և այս ոլորտներում վարվող պետական քաղաքականության մասին հասարակության իրազեկության բարձրացումը և դրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը: Հեռուստահաղորդումները պետք է անդրադառնան հաստատություններից ընտանիքներ վերադարձած երեխաների պատմություններին՝ բացառապես երեխայի հիմնարար իրավունքների և սոցիալական ներառման տեսանկյունից, ներկայացնեն հաջողված պատմություններ, երեխայի հիմնարար իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանը խոչընդոտող գործոններին և դրանց հաղթահարման ընդօրինակելի դեպքերին և այդ ոլորտում պետական քաղաքականության ռազմավարություններին ու առաջարկվող մոդելներին: Հաղորդումները կարող են պատրաստվել ռեպորտաժների, գլխավոր թողարկումների հավելվածների, քննարկումների, հարցախույզերի, թոք-շոուների և այլ ձևաչափերով՝ համալրված հաջողված պատմություններով: 2. Մրցույթի պայմանները. − Մրցույթին կարող են դիմել ՀՀ տարածքում եթերային հեռարձակման լիցենզիա ունեցող ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ մարզային նշանակության բոլոր հեռուստաընկերությունները: − Երեխայի իրավունքի և արժանապատվության նկատմաբ հարգանքն ու էթիկայի պահպանումը սույն մրցույթի առաջնորդող սկզբունքն է: − Հաղորդումները պետք է հիմնված լինեն երեխայի իրավունքների և լավագույն շահի ապահովման սկզբունքների վրա, ապահովեն նյութի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը, պահպանեն երեխայի հարցերի լուսաբանման լեզուն և էթիկան, չպարունակեն որևէ կուսակցական, քաղաքական կամ այս կամ այն հասարակական գործչի կանխակալ դիրքորոշում: − Հաղորդումների որակի ու մրցույթով սահմանված պայմանների կատարման վերահսկումը կիրականացնի ծրագրի շրջանակում ձևավորված խորհուրդը՝ կազմված ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայցրած մեդիա փորձագետներից: − Հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար պահանջվող ընդհանուր գումարի հաշվարկի միավորը հանդիսանում է շաբաթը մեկ անգամ, 20-30 րոպե տևողությամբ հեռարձակումը: − Ծրագրի իրականացման ժամկետը 12 ամիս է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. փետրվարի 14-ը, ժամը 17:00: Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով` info@bridgeofhope.am հասցեով: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հռիփսիմե Նազարեթյանին՝ 56 01 43 հեռախոսահամարով կամ hripsime_nazaretyan@bridgeofhope.am էլեկտրոնային հասցեով: