Իրազեկության բարձրացում

Իրազեկության բարձրացումը պարզ, բայց արդյունավետ միջոց է մեր նպատակին հասնելու համար:

«Հույսի կամուրջ»-ն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Մենք պատրաստում ենք տեսաֆիլմեր հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությունների և ձեռքբերումների մասին, տեսանյութեր և պաստառներ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին, ուսուցողական ֆիլմեր և բրոշյուրներ, կազմակերպում ենք հանրային քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ և կոնֆերանսներ հաշմանդամության հետ կապված հարցերի մասին:  

 

Ներառական կրթությունը խտրականության դեմ պայքարի միջոց է: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին սխալ կարծրատիպերն ու նախապաշարմունքը արմատացած են հասարակության մի ստվար զանգվածի մեջ: Դրա պատճառն է հանդիսանում ինչպես տեղեկացվածության պակասը, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց հետ միևնույն համայնքում ապրելու և հաղորդակցվելու փորձի պակասը: Այս խոչընդոտները վերացնելը ամենևին հեշտ չէ: Բայց փորձը ցույց է տալիս, որ ճիշտ միջավայրում մեծացող երեխաները շատ ավելի ընբռնող և հանդուրժող են մյուսների տարբերությունների հանդեպ: Երեխաներն են մեր ապագա ուսուցիչները, իրավաբանները, քաղաքական գործիչները, ծնողները… Եթե մենք դաստիարակենք իրազեկ անձանց սերունդ, նրանք մեծանալով կձևավորեն իսկական ներառական հասարակություն: