Սոցիալական ներառում

Մենք առաջնորդվում ենք հաշմանդամության սոցիալական մոդելով, որն օգնում է խուսափել խտրականությունից կյանքի տարբեր ոլորտներում:

Համաձայն այս մոդելի՝ հաշմանդամությունը դիտարկում ենք հասարակության սոցիալ-մշակութային արժեքների համատեքստում: Հաշմանդամություն ունեցող անձիք լիարժեք քաղաքացիներ են, ովքեր կարող են մասնակցել երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին: Հասարակությունում լիարժեք ներառման համար անհրաժեշտ է հարմարեցված միջավայր: Միջավայրի հարմարեցումը ենթադրում է ինչպես տեղաշարժման խոչընդոտների վերացում ճարտարապետական և քաղաքաշինական լուծումների միջոցով, մատչելի տեղեկատվության տարածում, այնպես էլ ներքին և արտաքին վերաբերմունքի փոփոխություն:

Սոցիալական մոդելի իրականացումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը և հասարակության կյանքին մյուս քաղաքացիների հետ հավասար մասնակցությանը: Սոցիալական ներառումն ուղղակիորեն կապված է անձի հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման հետ: Սոցիալական ներառման անհրաժեշտ պայմաններից է հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համագործակցության օրինակելի մոդելների ձևավորումը: «Հույսի կամուրջ»-ի ծրագրերից յուրաքանչյուրն ուղղակի կամ անուղղակի կերպով միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: Դեռ վաղ հասակից երեխաները ոչ միայն սովորում, այլև ստեղծագործում են միասին: