
Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթության երեխայի իրավունքը
1-ին փուլ՝ 2009-2012թթ. Ծրագիրը ֆինանսավորվեց Նորվեգիայի կառավարության կողմից։ Ծրագրի գլխավոր գործընկերն էր «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագիրը ճանաչվեց որպես «Համընդհանուր ներառական կրթության համակարգի» ներդրման փորձնական փուլ ՀՀ Տավուշի մարզում: Ծրագիրը հիմք ստեղծեց Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համար: Ծրագրի արդյունքների և քաղած դասերի հիման վրա մշակվեց ՀՀ Հանրակրթության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ: Համապատասխան փոփոխություններ կատարվեցին օրենքում և 2014թ-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ներառական կրթությունը հռչակեց որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Օրենքն ամրագրեց կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների եռամակարդակ համակարգ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական։
2-րդ և 3-րդ փուլ՝ 2015-2019թթ. Ծրագրի այս փուլերի իրականցմանը ֆինանսական օժանդակություն տրամադրեց դանիական «Քաղաքացիական հասարակության զարգացման» կազմակերպությունը՝ «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպության գործընկերությամբ։ Ծրագիրն ամրապնդեց ծրագրի նախորդ փուլի արդյունքները Տավուշի մարզում՝ ներառական դպրոցների՝ ուսուցիչներին, երեխաներին և ծնողներին կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մոդելի փորձարկման հավելյալ բաղադրիչով։ 2017-2018 թվականների ընթացքում ծրագիրն աջակցեց Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցներում ներդնելու Համընդհանուր ներառական կրթության համակարգը: