«Արևածաղիկ» մանկական ամսաթերթ երեխաների, երեխաների հետ և երեխաների համար
https://arevatsaghik.wordpress.com/
1998 թվականին «Հույսի կամուրջ» կազմակերպությունը ստեղծեց պատանի լրագրողների ակումբ, ուր լրագրության և համակարգչային հմտությունների զարգացման դասընթացներ սկցեցին կազմակերպվել հաշմանդամություն ունեցող և չունեցող տղաների և աղջիկների համար։ 1999 թվականին պատանի լրագրողների ակումբի սաների մասնակցությամբ հիմնադրվեց «Արևածաղիկ» մանկապատանեկան ակումբն ու ամսաթերթը։ Ամսաթերթի խմբագրական կազմում ընդգրկվեցին մեդիա ակումբի հաշմանդամություն ունեցող սաները։ Հետագայում նրանցից շատերը դարձան կազմակերպության աշխատակիցներ և կազմակերպությունում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդրեցին «Արևածաղիկ» ամսաթերթի զարգացման և ամսաթերթի տեսլականի իրականացման մեջ։ Տարիների ընթացքում «Արևածաղիկը» դարձավ հարթակ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ու պատանիների համար՝ համախմբվելու և առաջ մղելու հավասար հնարավորությունների ներառական հասարակության տեսլականը, որը շատ նման է արևածաղիկի, որի բոլոր սերմերը միասին են՝ շրջապատված դեղին ծաղկաթերթերով ու միասին կազմում են մի գեղեցիկ ծաղիկ, որը և՛ նման է արևի, և՛ մշտապես ձգտում է դեպի արևը։ Հենց նման մի հասարակություն էր ցանկանում ստեղծել «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը։
2017 թվականից, ֆինանսական դժվարությունների պատճառով, «Արևածաղիկը» դադարեց հրատարակվել։ Իր գործունեության 18 տարիների ընթացքում «Հույսի կամուրջի» «Արևածաղիկ» մեդիա ակումբի դասընթացներին մասնակցած և ամսաթերթի ստեղծման աշխատանքներում ընդգրկված պատանիների մի քանի սերունդ այսօր Հայաստանում ճանաչված լրագրողներ են կամ աշխատում են տարբեր պետական, մասնավոր ու հասարակական կառույցներում։