Կառավարում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը առաջնորդվում է հաշմանդամության սոցիալական մոդելի սկզբունքներով: Սոցիալական մոդելը շեշտադրում է հաշմանդամության խոչընդոտները վերացնելու կարևորությունը և հավատում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններին: Կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին` հաղթահարելու առկա խոչընդոտները և բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին:

Մեր առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում:

ՄԵՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Հաշմանդամություն ունեցող մարդը ապրում է արժանապատիվ կյանքով և բոլորի հետ կառուցում է իր և իր երկրի ապագան:

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Մարդու անձն է առաջնայինը

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները պետք է նկարագրվեն իրենց ուժեղ կողմերով, կարողություններով և բնորոշ արժանիքներով և ոչ թե սահմանափակումներով:

Արդարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները հասարակության ցանկացած անդամի նման հավասար են օրենքի առաջ և իրավունք ունեն  պահանջելու հարգանք իրենց իրավունքների և արժանապատվության նկատմամբ:

Ազնվաբարո վարքագիծ.

«Հույսի կամուրջն» անվերապահորեն հավատում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները արժանի են հարգալից վերաբերմունքի և որ նրանց մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետք է մաս կազմեն հռետորաբանության, այլ երաշխավորված լինեն առօրյա կյանքում:

Ինքնորոշում

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները, համապատասխան ռեսուրսների և աջակցության պարագայում, կարող են իրենց սեփական կյանքի համար որոշումներ կայացնել և նրանց կարծիքը պետք է հաշվի առնվի բոլոր այն հարցերում, որոնք անմիջական ազդեցություն ունեն իրենց բարօրության վրա:

Մասնակցություն և առաջնորդություն

«Հույսի կամուրջն» ապահովում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները և նրանց ընտանիքները հավասար հնարավորություն և խելամիտ մասնակցություն ունենան կազմակերպության կառավարման բոլոր մակարդակներում, ներկայացնեն սեփական դիրքորոշումները և առաջնորդեն կազմակերպության շահերի պաշտպանության միջոցառումները:

 

 

Սոցիալական ներառմանը նպաստում են կրթություն ստանալու,  ինքնուրույն կյանքով ապրելու և հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը:

Մեր գործունեության հիմնական ուղղություններն են`

  • Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի պաշտպանություն,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի պաշտպանություն,
  • «Հույսի կամուրջ» կազմակերպության կայուն զարգացում ու շարունակական աճ:

Իր հիմնադրումից ի վեր, «Հույսի կամուրջը» իրականացրել է ավելի քան 70 ծրագիր՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: Մեր ծրագրերը նպաստում են Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության և ներառման քաղաքականության, հայեցակարգերի, գաղափարների ու համոզմունքների փոփոխությանը: Մեր գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնարար իրավունքի ապահովմանը՝ «...ապրել լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:» (ՄԱԿ-ի Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին, Հոդված 23):

Մենք համոզված ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին կարելի է օգնել առաջին հերթին նրանց ընտանիքների և ընտանիքները շրջապատող համայնքի միջոցով: Մենք աշխատում ենք ստեղծել ներառական միջավայր հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որտեղ նրանք կունենան հավասար հնարավորություններ իրենց հասակակիցների հետ միասին: Սա նշանակում է ոչ միայն թույլ տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին գտնվել իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների կողքին, այլև խթանել նրանց մասնակցությունը հասարակական կյանքին:

Մեր գերակա խնդիրներն են`

  • Նպաստել կրթության բոլոր մակարդակներում (նախադպրոցական, միջնակարգ, նախա- և միջին մասնագիտական,  բարձրագույն կրթություն) ընդհանուր ներառական որակյալ կրթության համակարգի ներդրմանն ու ամրապնդմանը:
  • Նպաստել ծնողների ակտիվ մասնակցությանն իրենց երեխայի կրթության գործընթացում` դպրոց-ծնող-մանկավարժահոգեբանական թիմ կապի և համագործակցության ամրապնդման շնորհիվ:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների ակտիվ մասնակցությանն իրենց իրավունքների պաշտպանության գործում:
  • Բարձրացնել հանրային իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի վերաբերյալ` սոցիալական մոդելի և գենդերային հավասարության տեսանկյունից:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծմանը (հասարակական վայրեր, ծառայություններ, տրանսպորտային միջոցներ և այլն):

Նախագահ և խորհրդի անդամներ

Սուսաննա Թադևոսյան

Խորհրդի նախագահ

Հասմիկ Խաչերյան

Խորհրդի անդամ

Անահիտ Հարությունյան

Խորհրդի անդամ

Ռուզաննա Արզումանյան

Խորհրդի անդամ

Արմինե Ներսիսյան

Խորհրդի անդամ

  • Լուսինե Անտոնյան

    Խորհրդի անդամ

  • Գեղանուշ Գրիգորյան

    Խորհրդի անդամ

    Սյուզաննա Աղաբաբյան

    Խորհրդի անդամ

  • Ռուզաննա Աղաբաբյան

    Խորհրդի անդամ

  • Միքայել Սիմոնյան

    Խորհրդի անդամ

    Արև Մեժլումյան

    Խորհրդի անդամ

  • Հայկ Հովհաննիսյան

    Խորհրդի անդամ

    Նարինե Սուսլիյան

    Քարտուղար