պատմություն


Այսօր «Հույսի կամուրջ»-ին ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 2014 թվականին, հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար «Հույսի կամուրջ»-ը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին, իսկ 2016 թվականին «Հույսի կամուրջ»-ի «Դեպի կրթություն բոլորի համար. ներառական կրթություն» ռազմավարական ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին, որպես ընդօրինակելի մոդել աշխարհի շատ երկրների համար:
(ENG) «Հույսի կամուրջ»-ը հասրակական կազմակերպություն է, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Մեր առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանն աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից: Ունի մասնաճյուղեր Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում:
«2003 թվականից մինչ օրս «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երկարամյա գործընկերն է հանդիսանում Առաքելություն Արևելք մարդասիրական օգնության կազմակերպությունը»:
24 տարի դեպի ներառում
Մեր տասնամյակների պատմության յուրաքանչյուր տարին նշանավորվել է էական ձեռքբերումներով և մնայուն արժեքներով: այս տողերն էլ թող մի քիչ ընդգծված լինեն ստորև տեքստից: Ներքևում նշված տարեթվերը ևս պետք է մուգ լինեն և ակնառու: Ամողջ տեքստը սիրուն դիզայնով որ լինի:
1996թ., դեկտեմբերի 2. մի խումբ նվիրյալ ծնողների և բարեկամների կողմից հիմնադրվեց «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը:
1997թ. Հիմնադրվեց «Հույսի կամուրջ»-ի մանկական ներառական թատերախումբը:
1998թ. «Հույսի կամուրջ»-ը սկսեց համախմբել ծնողներին՝ Ծնողների փոխօգնության խմբերում: Այսօր հանրապետության տարբեր շատ դպրոցներում և համայնքներում այս խմբերը դարձել են իրավունքի պաշտպաններ և զգալի հաջողություններ ունեն երեխաների սոցիալական ներառման հարցերում:
1999թ. Հիմնադրվեց «Արևածաղիկ» ամսաթերթը, որի պատանի լրագրողները տարիներ շարունակ փոխում են մեր հասարակությունը և դարձնում այն ներառական և ջերմ, ինչպիսին որ արևոտ այս ծաղիկն է, որի բոլոր սերմերը իրարից շատ տարբեր են և իրար շատ նման: Սերմերը շրջապատված են արևոտ դեղին թերթիկներով և կազմում են մի ծաղիկ, որը միշտ նայում է արևին ու ձգտում նրան: Այսօր հանրապետության շատ ճանաչված լրագրողներ իրենց առաջին քայլերը սկսել են Արևածաղիկ ամսաթերթից:
2000թ. «Հույսի կամուրջ»-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ սկսեց ներառական կրթության առաջին փորձը մեկ դպրոցում: 2001-2003-2004-2005 թվականներ. Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում հիմնադրվեցին «Հույսի կամուրջ»-ի «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» կենտրոնները:
2002թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ներառական կրթության մեկ դպրոցում կայացրած փորձը ներդրեց մայրաքաղաքի ևս 5 հանրակրթական դպրոցներում:
2006թ. «Հույսի կամուրջ»-ը ամփոփեց իր գործունեության անցած 10 տարիների արդյունքները: Այս տասնամյակի լավագույն նվերը Հայաստանի հասարակությանը այն էր, որ ներառական կրթությունը դարձավ պետական քաղաքականություն: Մենք կմնանք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, որպես մեր երկրում ներառական կրթության նախաձեռնողն ու մեծ ջատագովը:
2007թ. Տավուշի մարզի 10 գյուղերում ստեղծվեցին «Ընտանիքի և երեխայի աջակցության համայնքային կենտրոններ»։
2008 թ. Հույսի կամուրջի տարեգրության ամենահիշարժան տարիներից է, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորեց ՀՀ Տավուշի մարզում գորոծող «Ընտանիքի և երեխայի աջակցության համայնքային կենտրոններ» մեր 4 կենտրոնների ծառայությունների դերը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ներառման գործում, ինչպես նաև Տավուշի մարզից հատուկ և գիշերօթիկ հաստատություններում երեխաների թիվը ամենացածր թիվն արձանագրելու հարցում:
2009 թ. Ներդրվեց ներառական արհեստագործական կրթության առաջին փորձը Երևանի պետական հումանիտար քոլեջում: «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք»-ը դարձավ մեր ուղերձը հասարակությանն ու պետությանը: 2010թ. Մեկնարկեցինք «Համընդհանուր ներառական կրթության համակարգի» ներդրման փորձարկումը ՀՀ Տավուշի մարզում: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտը անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության համակարգին:
2011թ. «Հույսի կամուրջ»-ը առաջինը սկսեց քննարկումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ֆունկցիաների միջազգային դասակարգում, հաշմանդամություն և առողջություն» շրջանակի շուրջ: Ավելի ուշ մենք գիտակցեցինք, որ այս շրջանակը խնդրահարույց է հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից դիտրկելիս և դադարեցինք դրանց ջատագովումը:
2012թ. Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բոլոր մանկավարժական ֆակուլտետներում ներդրեցինք 4 նոր դասընթացներ՝ ներառական կրթության թեմաներով:
2013թ. «Հույսի կամուրջի» ամնիջական աջակցությամբ ստեղծվեցին 4 նոր հասարակական կազմակերպություններ՝ «Մենք կարող ենք» և «Լռության ձայն» հասարակական կազմակերպությունները Երևան քաղաքում, «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը Սպիտակում և «Հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ» հասարակական կազմակերպությունը Վանաձորում: Այս կազմակերպություններն այսօր ոլորտի ամենաակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններից են:
2014թ. ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց ներառական կրթությունը, որպես յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման երեշխիք: Սա պատմական որոշում է, և մենք հպարտ ենք, որ կանգնած ենք եղել այս փոփոխությունների ակունքներում:
2014թ. «Հույսի կամուրջը» արժանացավ UNESCO-ի միջազգային մրցանակին՝ ներառական կրթության խթանման համար: Սա միջազգայաին ամենամեծ ճանաչումն է և «Հույսի կամուրջի» անունը գրանցվեց նաև միջազգային տարեգրության մեջ:
2015թ. «Հույսի կամուրջը» ներառական հասարակության լույսը Տավուշի մարզից տարավ Սյունիքի մարզ: Այսօր արդեն Սյունիք մարզը անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության համակարգին:
2016թ. «Հույսի կամուրջը» ներառական հասարակության լույսը Սյունիքի մարզից տարավ Լոռու մարզ: Այսօր արդեն Լոռու մարզը անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության համակարգին:
2016թ. «Հույսի կամուրջի» «Դեպի ներառական որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին՝ ներառական կրթության միջազգայնորեն ընդօրինակելի փորձի համար:
2017թ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը «Հույսի կամուրջին» պատվիրակեց ՀՀ Տավուշի մարզում «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների» տրամադրման փաթեթը:
2017թ «Հույսի կամուրջի» «Արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների աշխատանքի և զբաղվածության խթանման միջազգայնորեն ընդօրինակելի փորձի համար:
2018թ. Երևանում մեկնարկեցինք և Տավուշի մարզում ամրապնդվեցինք «Ներառական և երեխակենտրոն կրթական միջավայր նախադպրոցական կրթական հաստատություններում» ծրագիրը: Ծրագրով հիմք դրվեց նախադպրոցական կրթական հաստատությունից տարրական դպրոց սահուն անցման մեխանիզմների ներդրումը: ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվեցին էական փոփոխություններ, որոնցով Հայաստանի նախադպրոցական կրթության համակարգը, որպես հանրակրթության առաջին մակարդակ, անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության համակարգին:
2019թ. «Հույսի կամուրջը» ներառական հասարակության լույսը Լոռու մարզից տարավ Շիրակի մարզ և Երևան քաղաքի 65 դպրոցներ:
2020թ. «Հույսի կամուրջը» ներառական հասարակության լույսը Շիրակի մարզից տարավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: 2020թ «Հույսի կամուրջի» «Ներառական և երեխակենտրոն կրթական միջավայր նախադպրոցական կրթական հաստատություններում» ծրագիրը արժանացավ Zero Project միջազգային մրցանակին՝ նախադպրոցական ներառական կրթության և տարրական դպրոց սահուն անցման միջազգայնորեն ընդօրինակելի փորձի համար: 2020թ. ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության «Նախադպրոցական կրթության մասին մասին» օրենքը նոր խմբագրությամբ: Այս փոփոխություններից կարևոր նորամուծությունը Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության համակարգը հռչակնում է ներառական: Սա ևս պատմական որոշում է, և մենք հպարտ ենք, որ կանգնած ենք եղել նաև այս փոփոխությունների ակունքներում:
Միասին դեպի «Կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք բոլորի համար»:
«Աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ՝ մոտիկից ծանոթ էի նրանց խնդիրներին և մտահոգություններին: Համատեղ քննարկումների ընթացքում ծնվեց կազմակերպություն ստեղծելու գաղափարը: Այն կզբաղվեր հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ: Հենց այսպես ստեղծվեց կազմակերպությունը, որը կոչեցինք «Հույսի կամուրջ»:
Սկսեցինք փոքրիկ քայլերով, սովորեցինք իրարից, կատարեցինք սխալներ և դասեր քաղեցինք դրանցից: Ու դարձանք ավելի վստահ մեր կարողությունների և ընտրած առաքելության նկատմամբ: «Հույսի կամուրջ» խորհրդանշական անունն իրապես հույսի կամուրջ դարձավ հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների համար:
Նրանցից շատերը տերը դարձան իրենց իրավունքների և այսօր էլ պայքարում են իրենց ու իրենց հասակակիցների իրավունքների և արժանապատիվ կյանքի համար:
«Հույսի կամուրջը» կոտրեց բազմաթիվ պատնեշներ մարդկանց մտքերում ու համոզմունքներում, բացեց դռներ դեպի ներառական և որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք:
«Հույսի կամուրջը» Հայաստանում ներառական գաղափարների և ներառական կրթության տարածման առաջամարտիկը դարձավ: Այսօր արդեն ներառական կրթությունը պետական քաղաքականություն է մեր երկրում: «Հույսի կամուրջը» շարունակում է իր ճանապարհը դեպի համընդհանուր ներառական կրթություն և դեպի ներառական հասարակություն Հայաստանի Հանրապետությունում՝ իրեն առաջնորդող հարյուրավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդների, երեխաների, նրանց ծնողների և իր բազմաթիվ գործընկերների հետ միասին:
Այսօր «Հույսի կամուրջը» ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 2014 թվականին «Հույսի կամուրջն» արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին՝ ներառական կրթության խթանման համար, իսկ 2016 թվականին Zero Project միջազգային մրցանակին` ներառական կրթության միջազգայնորեն ընդօրինակելի փորձի համար:
Սակայն ամենամեծ մրցանակը մեզ համար երեխաների, երիտասարդների և հասարակության հավատն ու վստահությունն է, որին մենք հասել ենք մեր առաքելության հանդեպ ունեցած նվիրման և անմնացորդ հավատի շնորհիվ: Սա և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում և վստահում են մեզ ու մեզ հետ կամուրջներ են կառուցում դեպի ներառական հասարակություն: Միասին դեպի «Կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք բոլորի համար»:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ
Սուսաննա Թադևոսյան