«Մերկ թագավորը». մեր ներառական թատերախմբի նոր ներկայացումը

05/11/2018

Նոյեմբերի 5-ին` Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Հույսի կամուրջ» ՀԿ ներառական թատերախումբը ներկայացրեց «Մերկ թագավորը» ներկայացման պրեմիերան:
Ներկայացումը բեմադրվել է Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսի` Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա:  Հեքիաթի  մատուցման թատերգական ձևը հնարավորություն է տալիս բեմական վիճակների, վառ կերպարների, սուր երկխոսությունների և արագ գործողությունների միջոցով հանդիսականին ներկայացնել պիեսի բովանդակությունն ու փիլիսոփայությունը:
Մեր փոքրիկ դերասանները Երևանի տարբեր հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներն են, որոնցից շատերը առաջին անգամ էին բեմում:
Հանդիսատեսի շարքում էին` ՀՀ կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, ծնողներ և երեխաներ:


«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը գործում է 1997 թվականից և ավելի քան երկու տասնամյակ դրական վերաբերմունք է ձևավորմ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և խթանում նրանց սոցիալական ներառումը:  Մինչ օրս թատերախումբը բեմականացրել է 25 ներկայացում և 250-ից ավելի ելույթներով հանդես է եկել մայրաքաղաքի և մարզերի տարբեր բեմահարթակներում, դպրոցներում, համալսարաններում, մշակութային կենտրոններում, ինչպես նաև հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում և Ստամբուլում:

Ներկայացումը բեմադրվել է «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակում՝ «Հույսի կամուրջ» և դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների համագործակցությամբ: Ներկայացման բեմադրմանը ֆինասական աջակցություն է ցուցաբերել Հայսատանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: