Մանկավարժահոգեբանական աջակցություն

Մեր կենտրոնների հոգեբանները և մանկավարժները աշխատում են յուրաքանչյուր երեխայի հետ ըստ նրա կարիքի:

2017 թվականից սկսած ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) «Հույսի կամուրջ» ՀԿ-ին է պատվիրակում «Տարածքային մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրում ՀՀ Տավուշի մարզում» ծրագիրը, որի շրջանակում Տավուշի մարզում գտնվող «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» մեր կենտրոնների աշխատակիցները կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցություն են տրամադրում մարզի բոլոր դպրոցներում սովորող հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին և մասնագետներին:  

Ծրագրի զարգացման հեռանկարն է. ՀՀ Տավուշի մարզում յուրաքանչյուր երեխայի համար ստեղծված են ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ հավասար հնարավորություններ ու մատչելի պայմաններ և, անկախ երեխայի մտավոր, ֆիզիկական, զգայական, մշակութային և սոցիալական առանձնահատկությունների, նա իրացնում է իր կրթության հիմնարար իրավունքը: Ծրագրի նպատակն է. ՀՀ Տավուշի մարզի 5 քաղաքային և 57 գյուղական բնակավայրերի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորող, ինչպես նաև, դեռևս, ուսումնական հաստատություն չհաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մեջ լիարժեք ներառվելու համար ապահովել նրանց կրթության կազմակերպմանն աջակցող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունն ու որակը: Ծրագրի խնդիրներն են. - Տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ Մարզի նախադդպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նրանց անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցող ծառայությունների տեսակի, ժամանակահատվածի, տևողության, ծավալների ու ծառայությունների տրամադրման գրաֆիկի: - Հզորացնել և ամրապնդել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչների, ուսուցչի օգնականների, հատուկ մանկավարժների, հոգեբանների և սոցիալական մանկավարժների մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ լավագույնս աջակցելու երեխայի կրթության կազմակերպման գործընթացին և բարձրացնելու երեխայի ներառվածության մակարդակն ու մասնակցությունը դասապրոցեսին և դպրոցական կյանքին: - Զարգացնել ծնողների գիտելիքները երեխայի կարիքների գնահատման, զարգացման ու կրթության հարցերի շուրջ և բարձրացնել դպրոցում երեխաների լիարժեք ներառման ու կրթության կազմակերպման գործընթացներում ծնողների մասնակցության մակարդակը: Ծրագրի ծառայություններից օգտվում են. - Նախադպրոցական տարիքի 120 երեխաներ - Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 530 հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: - Մարզի 64 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 250 մանկավարժական աշխատողներ - Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 2000 ուսուցիչներ և 185 մասնագետներ: - Հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներ՝ 500 ծնող, Հովանավորող՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: