Արևիկ Մելքոնյան

Արևիկի անցած ուղին «Հույսի կամրջով»․ հզորացնելով ուրիշներին, պայքարելով հավասարության համար

««Հույսի կամուրջն» օգնեց ինձ ընդունել իմ հաշմանդամությունը որպես իմ ինքնության մաս, ինչպես, օրինակ՝ այլոց դեպքում մաշկի գույնը: Հենց այս ընկալմամբ էլ ես համախմբում եմ ինձ նման մտածողներին և նրանց հետ միասին բարձրացնում մեր ձայնը՝ պաշտպանելու մեր իրավունքներն ու արժանապատվությունը»:

Իր անսասան նվիրվածության և ակտիվության շնորհիվ Արևիկը դարձել է ոգեշնչման աղբյուր և ընդօրինակելի կերպար ուրիշների համար: Նա համոզված է, որ իր հաշմանդամությունը իրեն թույլ կամ հիվանդ չի դարձնում։ Հակառակը՝ այն ուժեղացնում է նրան և լսելի դարձնում իր ձայնը:

«Հույսի կամուրջը» առանցքային դեր է խաղացել Արևիկի անձի ձևավորման և կայացման հարցում։ Կազմակերպությունը նրան տվել է հնարավոր միջոցներ, աջակցություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ էին հաշմանդամություն ունեցող ակտիվ և պատասխանատու երիտասարդ դառնալու համար: «Հույսի կամրջում» նա ձերբազատվեց ամեն տեսակի կաշկանդող բարդույթներից, զարգացրեց իր առաջնորդության հմտությունները և կամքը՝ պաշտպանելու իր իրավիճակում հայտնված այլ մարդկանց իրավունքները:

Արևիկի կյանքի պատմությունը ձևավորվեց «Հույսի կամրջում», որը կրկին վկայում է, թե իր առաքելությանն ու տեսլականին անկեղծորեն հավատացող և նվիրյալ կազմակերպությունը ի զորու է իրական փոփոխություններ բերել անհատների կյանքում և հասարակության մեջ։