Արմինե Սահակյան

Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ

Չգիտեմ էլ՝ ինչպես կդասավորվեր իմ ընտանիքի կյանքը, եթե ես չհայտնվեի «Հույսի կամրջում», որտեղ ես ոգեպնդվեցի, և դարձա երեխայիս ու իմ իրավունքները պաշտպանող, դժվարությունները հաղթահարող մայր։ Հասկացա, որ տղաս, ինչպես բոլորը, ունի կրթություն ստանալու իրավունք, որ պիտի գնա դպրոց, կրթություն ստանա և անցնի կյանքի իր ճանապարհը։ Մեր ընտանիքի համար «Հույսի կամուրջը» դարձավ դեպի հասարակություն մի իրական կամուրջ։ Տղաս արդեն ավարտել է դպրոցը, գիտի՝ ինչպես հաղթահարել դժվարությունները և չի վախենում խոչընդոտներից, քանի որ գիտի և կարողանում է դրանք հաղթահարել։

Իսկ ես, նույն իրավիճակում գտնվող մյուս ծնողների հետ միասին, որոնք ևս «Հույսի կամրջով» հզորացած ծնողներ էին, կազմակերպվեցինք և «Հույսի կամրջի» ուղղակի աջակցությամբ հիմնեցինք «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների, նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն, որի նախագահն եմ ես։ Այսօր մեր կազմակերպությունը ակտիվ դերակատար է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ շարունակելով կրել նույն արժեքներն ու հավատամքը, որոնք մեր՝ ծնողներիս մեջ սերմանել է «Հույսի կամուրջը»։