Հրանտ Ադաջյան
Տավուշի մարզ, ք. Իջևան
3 տարիս չլրացած՝ ես հաճախել եմ «Հույսի կամրջի» Իջևանի երեխայի զարգացման կենտրոն։ Այդ տարիներից ամենաշատը հիշում եմ, որ դժկամությամբ էի հաճախում ֆիզիկական թերապիայի պարապմունքներին, չէի ուզում, բայց քանի որ շոկոլադ շատ էի սիրում և գիտեի, որ եթե չգնամ, ծնողներս ինձ կզրկեն շոկոլադից, ստիպված գնում էի։ Հետո արդեն ես սկսեցի մասնակցել կենտրոնի տարբեր ակումբներում կազմակերպվող պարապմունքներին ու ճամբարային միջոցառումներին և դա անում էի մեծ խանդավառությամբ և ձգտումով։ Հիմա հասկանում եմ, թե ինչու։ Որովհետև ես արդեն ինձ զգում էի բոլորից մեկը, ունեի ընկերներ և շրջապատ:
Երբ արդեն 6 տարեկան էի, հիշում եմ, որ մայրս շատ էր վախենում ինձ դպրոց տանելու մտքից, քանի որ անհանգիստ էր, որ այնտեղ ինձ կցավեցնեն և կծաղրեն։ Իսկ ես հակառակը՝ անհամբեր սպասում էր սեպտեմբերի 1-ին, որ ընկերներիս հետ դպրոց գնամ ու սովորեմ նույն դասարանում։ Ես գնացի դպրոց՝ «Հույսի կամուրջ» հաճախող իմ մյուս ընկերների հետ միասին։ Նրանց հետ ես երբեք չեմ զգացել, որ տարբերվում եմ մյուսներից, հակառակը՝ նրանք ինձ օգնեցին, որ ես զգամ ինձ նրանցից մեկը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց ավարտեցի բարեհաջող և այժմ սովորում եմ Իջևանի տարածաշրջանային պետական քոլեջի ավտոդրոմ և սպասարկում բաժնում:
Ինչպես բոլոր տղաները, այնպես էլ ես շատ եմ սիրում մեքենա վարել։ Զբաղվում եմ նաև սպորտով, խորացնում եմ իմ համակարգչային գիտելիքները։ Այսօր ես «Հույսի կամրջի» հաշմանդամություն ունեցող երիտասարդ ակտիվիստների խմբի անդամ եմ և աջակցում եմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են սխալ կարծրատիպերի վերացմանն ու հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Քոլեջն ավարտելուց հետո, վստահ եմ, որ աշխատանք կգտնեմ, քանի որ այս երկար տարիների ընթացքում մենք կարողացել ենք փոխել մեր հասարակության զգալի մասի սխալ ընկալումները մեր կարողությունների մասին՝ դարձնելով մեր համայնքն ավելի ընդունող և խթանող։ Մեր ընտանիքի հետ միասին ես նաև հիմնել եմ իմ սեփական փոքրիկ ընտանեկան բիզնեսը՝ թռչնաբուծարանը, ունեմ ինկուբատոր, հավերի և բադերի արդեն երրորդ սերունդն եմ աճեցնում։
Այս տարի լրացավ «Հույսի կամրջի» Իջևանի կենտրոնի 15 տարին, որը նաև իմ սեփական կյանքի 15 տարիներն են։ Ես արդեն 18 տարեկան եմ և շնորհակալ եմ ու երջանիկ, որ մեր 15 տարեկան կենտրոնի անբաժանելի մասնիկն եմ դարձել։