
Մարիամ Եսայան
Տավուշի մարզ, Բերդի Չինչին համայնք
Ես Մարիամն եմ՝ կայացած երիտասարդ և անհատականություն, որն իրականացնում է անկախ և արժանապապատիվ կյանքի իր իրավունքը, կայացնում է իր սեփական որոշումները, աշխատում և կառուցում է իր կապերն ու հարաբերությունները համայնքում։ Իմ կերպարով ես կարողանում եմ կոտրել կարծրատիպեր, պայքարել տեսանելի և անտեսանելի արգելքների վերացման համար և իմ իսկ օրինակով վստահեցնել մարդկանց, որ ես, ինչպես մյուսները, կարող եմ աշխատել, ինքնուրույն ապրել և ներդրում ունենալ մեր համայնքի կյանքում։
«Հույսի կամուրջն» ինձ համար դարձավ այն դպրոցը, որտեղ բարության և աջակցության մթնոլորտում ես ճանաչեցի իմ հնարավորությունները, սովորեցի և զինվեցի գիտելիքներով ու կարողություններով, որոնք ինձ օգնեցին ձևավորվել որպես պատասխանատու և ակտիվ քաղաքացի և պայքարել ինձ նման հարյուրավոր երեխաների և երիտասարդների կրթության, աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունքների համար։ Դպրոցն ավարտելուց հետո ես շարունակեցի իմ կրթությունը Իջևանի պետական համալսարանում և ստացա մանկավարժ-հոգեբանի մասնագիտություն։ Այսօր ես աշխատում եմ արդեն Չինչին գյուղի իմ հարազատ դպրոցում որպես ուսուցչի օգնական և աջակցում եմ ուսուցիչներին կրթությունը կազմակերպել այնպես, որպեսզի ցանկացած երեխա ներառված լինի ուսումնառության գործընթացում և հասնի կրթության ցանկալի արդյունքների։
Ես մասնիկն եմ «Հույսի կամրջի» և շարունակում եմ իմ աշխատանքով ու գործունեությամբ մասնակիցը դառնալ մեր կազմակերպության առաքելության իրականացման գործի։