Մարտիրոս Գուլքանյան
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔԻ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Ես 10 տարեկանից ընդգրկված եմ եղել «Հույսի կամրջի» ծրագրերում։ Այն, ինչն ինձ ու հարազատներիս համար լոկ երազանք էր թվում, իրականություն դարձավ իմ սիրելի կազմակերպության աջակցությամբ»։
2014-ին, երբ Տավուշի մարզում մեկնարկեց «Հույսի կամուրջ» կազմակերպության «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը՝ զբաղվածության հնարավորությունների խթանման միջոցով նպաստելու հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալ-տնտեսական ներառմանը, Մարտիրոսը և նրա մայրը ակտիվորեն ընդգրկվեցին նախաձեռնվող բոլոր միջոցառումներին: Եռամյա ծրագրի շրջանակում իրականացված իրազեկության բարձրացման, կարողությունների զարգացման, մասնագիտական ուսուցման և բիզնեսի պլանավորման դասընթացները օգնեցին Մարտիրոսին ձեռք բերել նոր ընկերներ ու կապեր, իրատեսորեն գնահատել իր կարողություններն ու հնարավորությունները և կողմնորոշվել սեփական փոքրիկ ընտանեկան գորձը նախաձեռնելու հարցում:
Մարտիրոսը և նրա մայրը մշակեցին «Ճագարաբուծություն» գործարար ծրագիրը, որը «Հույսի կամուրջ» կազմակերպության աջակցությամբ կյանքի կոչվեց։
Մարտիրոսի մայրը՝ տիկին Սոնան, պատմում է․ «Արդեն մեկ տարի է անցել, հետևում են մնացել ճագարների խնամքի, նրանց բազմացման և առանձնահատկությունների վերաբերյալ բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում էին մեզ։ Ես մշտապես աջակցում, ոգևորում ու խրախուսում եմ Մարտիրոսին, քաջալերում նրան և ուրախանում փոքրիկ ձեռքբերումներով»:
Այսօր Մարտիրոսը մեծ սիրով ու խանդավառությամբ է խնամում ճագարներին, հմտացել է իր բիզնեսի կառավարման մեջ և վաստակում է բավարար եկամուտ իր անկախ և արժանապատիվ կյանքի համար։ Նա հաճախ հանդիպումներ է ունենում «Հույսի կամրջի» մասնագիտական կողմնորոշման ակումբի երեխաների հետ, նրանց հետ կիսվում է իր փորձով և ձեռքբերումներով, իր սեփական օրինակով քաջալերում և խրախուսում է երեխաներին հավատալ իրենց ներուժին և հնարավորություններին, չկաշկանդվել դժվարություններից և համարձակ նախաձեռնություններից։