
Մերի Հովսեփյան
Տավուշի մարզ, Դիլիջան համայնք
Ես ապրում եմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։
Դեռ մանկուց տարբերվում էի իմ հասակակիցներից, չէի կարողանում մյուսներին հավասար խաղալ և վազվզել։
3 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի «Հույսի կամուրջ» ՀԿ Դիլիջանի մասնաճյուղ։ Այդ այցելությունը դարձավ իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այս փոքրիկ անկյունն ինձ տվեց թևեր, և ես սկսեցի առաջ շարժվել՝ գրանցելով փոքր ու մեծ հաջողություններ։
Ընդունվեցի դպրոց։ Հասակակիցներիս հետ շփումներում փոքր-ինչ կաշկանդված էի, երբեմն մեկուսանում էի։ Սակայն հետզհետե ամեն ինչ փոխվեց։
Ժամանակի ընթացքում ես դարձա ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ, իսկ որ ամենակարևորն է՝ սկսեցի պայքարել նաև հետագայում ուսումս շարունակելու և մասնագիտություն ձեռք բերելու համար։ Ընդունվեցի և ավարտեցի Դիլիջանի պետական քոլեջը։
Իմ բոլոր ձեռքբերումները կապված են մայրիկիս և «Հույսի կամրջի» ողջ անձնակազմի սերտ համագործակցության հետ։
Այսօր էլ կազմակերպությունը շարունակում է մնալ իմ կողքին, թևեր է տալիս՝ հաջողություններովս հպարտանալով, կյանքիս բեկումնային պահերին ուժ ու եռանդ չխնայելով։
Իսկ այժմ կամավորական աշխատանքներ եմ կատարում «Հույսի կամուրջ» ՀԿ-ում։ Փորձում եմ իմ անցած ուղին մյուսների համար օրինակ դարձնելով կոտրել բոլոր կարծրատիպերը և մարդկանց ապացուցել, որ մոլորակի վրա չկան սահմանափակումներ, հարկավոր է միայն շատ ցանկանալ։
Աշխարհը վերափոխողների շարքում ես եմ ու ինձ նման հազարավոր մարդիկ։